Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն առանձին հրապարկմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի ընտանիքի՝ նշելով, թե ինչպես վախից դրդված տասնյակ հազարավոր այլ էթնիկ հայերի հետ, Ագնեսը և նրա ընտանիքը լքեցին Լեռնային Ղարաբաղը։
«Գալով Լեռնային Ղարաբաղից՝ վախից դրդված. Մի ընտանիքի թռիչքը դեպի Հայաստան» վերնագրած պատmության հրապարկման նախաբանում Human Rights Watch-ը գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում բոլորի իրավունքները պաշտպանվելու են, սակայն նման երաշխիքները տասնամյակների հակամարտությունից հետո դժվար է ընդունել հայտնում է Aysor.am-ը։
«Սակայն նման երաշխիքները տասնամյակների հակամարտությունից հետո դժվար է ընդունել՝ հաշվի առնելով Ադրբեջանում ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունը, ներառյալ ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության դեմ, Ադրբեջանի կառավարության՝ մարդու իրավունքների վիճակի ընդհանուր վատթարացումը, և Ադրբեջանի կողմից վերջերս պարտադրված տարածաշրջանի իննամսյա փաստացի շրջափակումը, որը հայ բնակչությանը թողեց առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի»,-ասվում է հրապարակման մեջ։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պատմել է ընտանիքի վախից դրդված փախուստի մասին, ճանապարհի դժվարությունների, սովի ու զրկանքների մասին. «22-ամյա Ագնեսա Ավանեսյանը՝ սև շապիկով, փայլուն «Եղիր երջանիկ» գրությամբ, ամաչկոտ ժպտում է փայտե սեղանի հետևից Հարավային Հայաստանի լեռնային գյուղերից մեկում՝ Տաթևում։ Նա իր ծնողների, պապի և չորս քույրերի հետ Լեռնային Ղարաբաղից ժամանել է սեպտեմբերի 28-ին և դեռևս «խցկված» բնակվում են հարազատների մոտ՝ գյուղական փոքրիկ տան մեջ»։
«Այսօր Հայաստանում Ագնեսան և նրա քույրերը խոսում են իրենց հայրենի գյուղի, կարտոֆիլով և այլ ապրանքներով լի նկուղի, իրենց հավերի, բադերի և սագերի մասին: Ի տարբերություն Ստեփանակերտի իրենց ընկերների, նրանք երբեք ստիպված չեն եղել սոված մնալ շրջափակման ժամանակ։ Բայց նրանց ընտանիքը թողել է ամեն ինչ։ «Ես չգիտեմ, թե ինչ ենք մենք պատրաստվում անել», – ասել է Ագնեսան: «Եթե մենք միայն կարողանայինք վերադառնալ մեր իրերը, մեր կենդանիներին վերցնելու համար… Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Եթե այնտեղ ապահով լիներ մեզ համար, մենք երբեք չէինք թողնի մեր տունը», – ասվում է HRW հրապարակման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։