AM
19 October 2023 - 06:59 AMT

ԵՄ–ն Ադրբեջանից համաներում է ակնկալում ԼՂ բոլոր հայերի նկատմամբ

Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմաթիի հռչակագրի: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում ընդունված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման հետևանքով ստեղծված չափազանց բարդ իրավիճակին, հայտնում է Sputnik Արմենիան։

Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը (ավելի քան 100,600 մարդ) ապաստան է գտել Հայաստանում, փաստաթղթի հեղինակներն ընդգծում են մշտական անարգել մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը նրանց, ովքեր մնացել են Ղարաբաղում, և նրանց, ովքեր հեռացել են:

Ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու անվտանգությունը, ներառյալ նրանց՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման և խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի փախստականների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է հետևի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սեպտեմբերի 22–ին սահմանած միջանկյալ միջոցներին, այսինքն՝ ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների, մասնավորապես 2–րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3–րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի արգելում) խախտմանը»,– ասված է հայտարարության մեջ:

ԵՄ–ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԼՂ հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարությունները միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրում բնակչության հետագա ճակատագրի հիմնական պատասխանատվությունը։

«Պետք է ներկայացվեն առարկայական, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման երաշխիք մենք ակնկալում ենք համընդհանուր համաներում ԼՂ բոլոր հայերի` ներառյալ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան կոշտ հռետորաբանությունից»,– ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է այդքան անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգի ապահովմանը:

ԵՄ–ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը:

«Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի»,– նշված է հայտարարության մեջ:

ԵՄ–ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։