ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։
«Վերջին տարվա ընթացքում ԵՄ–ն և ԱՄՆ–ն փորձել են ներգրավվել սահմանազատման գործընթացին և շարունակում են դա անել։ Մենք դեմ չենք ցանկացած շփումների, որոնք հայերն ու ադրբեջանցիներն օգտակար կհամարեն։
Բոլոր փորձագետները հիանալի գիտեն, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը քննարկելու և համաձայնեցնելու համար ամեն անհրաժեշտը, առաջին հերթին՝ քարտեզները, որոնք մնացել են ԽՍՀՄ ժամանակներից, ՌԴ մոտ են։ Գործընկերները դա հասկանում են։ Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել։ Թող բախտները փորձեն նաև Բրյուսելում, եթե ցանկանում են, բայց մենք միշտ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերել իրական սահմանազատում սկսելու համար»,–ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։
Լավրովը հիշեցրել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման համար Մոսկվան, Բաքուն ու Երևանն առանձին պայմանավորվածություն ունեն։
«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, որի աշխատանքներին, նրանց համաձայնությամբ, պետք է մասնակցի նաև ռուսական կողմը՝ որպես խորհրդատու։ Ցավոք, տևական ժամանակ է այդ հանձնաժողովը չի հավաքվել»,–ասել է նա։
Հոկտեմբերի 23-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ, Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։ Վրաստանը չի մասնակցել հանդիպմանը։
Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: