AM
24 October 2023 - 10:18 AMT

ԶԼՄ-ներ․ Ֆրանսիան ՀՀ–ին GM200 ռադառներ, Mistral ԶՀՀ-ներ կվաճառի, կօգնի հայտնաբերել ՀՕՊ «կույր գոտիները»

Հայաստանը Ֆրանսիայից GM200 (Ground Master 200) ռադիոլոկացիոն 3 կայան կգնի, գրում է France info–ն՝ անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների հանդիպմանն ու ավարտին կնքված պայմանագրին:

GM200-ը բազմաֆունկցիոնալ մարտավարական միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ռադար է, որը կարող է թիրախներ հայտնաբերել մինչև 250 կմ հեռավորության վրա։ Այդ համակարգերը կարող են հայտնաբերել ինչպես ցածր արագությամբ և ցածր թռչող թիրախները, այնպես էլ դրոններ, ինչպես նաև մեծ բարձրության վրա թռչող կործանիչներ, գրում է ՏԱՍՍ–ը պարբերականի վրա հղումով։

Politico–ն, իր հերթին գրում է, որ Thales ընկերության արտադրության GM200 ռադարները այն նույն ռադարներից են, որոնք առաքվել են Ուկրաինային։ Նշվում է, որ Հայաստան կմատակարարվեն նաև հեռադիտակներ և տվիչներ։ Նշվում է, որ ՀՀ–ն ու Ֆրանսիան նաև մտադրությունների մասին արձանագրություն են ստորագրել առաջիկայում փոքր հեռահարության Mistral ԶՀՀ-ներ մատակարարման վերաբերյալ։

Ըստ պարբերականի, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ասել է, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիան ռազմական ոլորտի պաշտոնյայի կուղարկի Հայաստան որպես խորհրդատու զինված ուժերի նախապատրաստման հարցերում։ Նա ասել է նաև, որ Ֆրանսիան կօգնի հայ զինվորների ուսուցման հարցում և կօգնի Երևանին ստուգել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը՝ հայտնաբերելու համար «կույր գոտիները»։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։ Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: