ՌԴ Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։ Այդ մասին ասվում է Պետդումայի պաշտոնական կայքում։
Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր 2022–ի հունիսին։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննարկման ժամանակ ասել է, որ այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ արտոնություններ տալ Հայաստանին այն դեպքում, երբ ՀՀ պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման ուղղությամբ։
Նա նշել է, որ նմանատիպ որոշումներ կայացվել են Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է այդ երկրներոմ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,–ասել է Վոլոդինը։
Ըստ Տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևի, որն էլ առաջարկել էր հետաձգել քննարկումը, նախաձեռնությունը չի բխում Ռուսաստանի շահերից։