AM
26 October 2023 - 07:05 AMT

Պեսկովը չի մեկնաբանել ռուսական ռազմաբազաների մասին Փաշինյանի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։ Նա ասել է, որ Կրեմլին հայտնի չէ, որ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության առավելությունների բացակայության մասին։

Նա ասել է, որ The Wall Street Journal–ը չի կարող ընկալվել որպես սկզբնաղբյուր, գրում է Interfax-ը։

«Մենք դեռ չգիտենք` ասել է նա այդ խոսքերը, թե ոչ, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ կոնտեքստում։ Մենք նման տվյալներ չունենք»,– ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան The Wall Street Journal–ին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտ, ասել է, որ հայկական կողմը ստեղծված պայմաններում առավելություններ չի տեսնում։ Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաները հանելու պահանջ դնելու հարց չի քննարկվում։