AM
28 October 2023 - 12:24 AMT

Բարոնուհի Քոքս․ Եթե հայերը չկարողանային դուրս գալ ԼՂ–ից, դա կարող էր պոտենցիալ ցեղասպանության վերածվել

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Jurist.org-ին հարցազրույց է տվել, որը վերնագրված է «Բարոնուհի Քերոլայն Քոքսը Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպետք է նավթը դնի մարդասիրական խնդիրներից վեր»։

«Եթե հայերը չկարողանային դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա կարող էր պոտենցիալ ցեղասպանության վերածվել և դա խորապես մտահոգիչ է», – ասել է Քոքսը, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հայտարարությանը՝ բարոնուհին ասել է. «Թեև Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, նրա հավատարմությունն իր հայկական և քրիստոնեական ավանդույթներին լայնորեն ճանաչվել է, և դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակվել են որպես «ռազմական հանցագործություն»: Այս դաժան քաղաքականությունը չպետք է անպատիժ մնա, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։