ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը ԼՂ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ տեղյակ է եղել, որ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում, խնդրել է իրեն ևս տեղեկացնել մանրամասներին, ի պատասխան Բաբայանն ասել է, որ խոսքը 23-կետանոց փաստաթղթի մասին է, որից 20-ն արդեն համաձայնեցված է։
Նշվել է, որ խոսք է գնացել Արցախի ինքնավար կարգավիճակի մասին։ Շահրամանյանը, սակայն, հնարավորություն չի ստացել ծանոթանալու փաստաթղթին, գրում է «Հայկական ժամանակը»։
Ըստ նրա՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն է լիազորել Սամվել Բաբայանին բանակցել Ադրբեջանի հետ։ Նախագահ ընտրվելուց հետո Շահրամանյանը ադրբեջանցիներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք նման տարբերակ, ինչին վերջիններս բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ եթե հայերին նման հնարավորություն տան, ապա իրենց մոտ ապրող մյուս փոքրամասնությունները ևս նման պահանջ կներկայացնեն։
ԼՂ-ից գալուց հետո Սամվել Բաբայանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ ասելով. «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել էր: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»:
Հաղորդավարի ճշտող հարցին՝ այսինքն՝ եղե՞լ է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանն շեշտել էր՝ իհարկե:
Բաբայանն ասել էր. «Արցախի Սահմանադրությամբ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Բաբայանիս, տվել է բանակցելու հնարավորություն, և դրա մասին ես ասել եմ ժամանակին պառլամենտում Արայիկ Հարությունյանի ներկայությամբ: Բոլորը լսել և ձայն չեն հանել: Շրջվել են Հարությունյանը, նա գլխով ասել է՝ այո, դրանով ավարտվել է: Հիմա ի՞նչ է պատահել, «5-րդ շարասյուն»-ն ինչի՞ է էդպես գոռգոռում, հիվանդացե՞լ է»: