AM
30 October 2023 - 08:03 AMT

Շահրամանյան. Ռուսական կողմը սեպտեմբերի 19-ին դիտորդի կարգավիճակում էր

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողության մեկնարկից ժամեր անց հասկացել է, որ մենակ են ադրբեջանական ագրեսիայի դեմ՝ ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր:

Նա պատմել է, թե ինչպես է սկսվել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակումն Արցախի դեմ։ Նա ասել է, որ ամեն ինչ սկսվել է, երբ սեպտեմբերի 19-ի առավոտյան Շուշիի մոտ, որտեղ ադրբեջանական ու ռուսական հենակետեր կային, ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսականին և զգուշացրել, որ թաքցնեն ռուս խաղաղապահների անձնակազմին, քանի որ շուտով կաշխատի հրետանին, գրում է Aysor.am-ը։

«Ռուս խաղաղապահների հետ ճշտումներից հետո հաստատվել է այդ փաստը, և ինձ համար պարզ դարձավ, որ որոշ ժամանակ անց հնարավոր է՝ սկսվեն ռազմական գործողություններ»,- ասել է Շահրամանյանը։

Ռազմական գործողությունների ժամանակ, Արցախի նախագահի խոսքով, իրենք հասկացել են, որ մենակ են․ մենակ պետք է դիմակայեն ադրբեջանական ագրեսիային։

«Ռազմական գործողությունը սկսելուց հետո՝ ժամեր անց, ես հասկացա, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել։

Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների ու նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են մոտ 12 ժամ։

Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատելի էին։ Որքան երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք, և իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,- ասել է Սամվել Շահրամանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։