Հոկտեմբերի 29–ի երեկոյան ՌԴ Մախաչկալա քաղաքի օդանավակայանում անկարգություններ են սկսվել Իսրայելից չվերթի ժամանելու դեմ։ Պաղեստինի դրոշներ և ցուցապաստառներ կրող անձինք փորձել են ուժով ներթափանցել ինքնաթիռ, այնուհետև սկսել են ստուգել մեքենաները, որոնք դուրս էին գալիս օդանավակայանից՝ փորձելով գտնել Իսրայելից ժամանածներին, հայտնում է ՌԲԿ–ն։
Օդանավակայան է եկել Դաղստանի ազգությունների քաղաքականության գծով նախարար Էնրիկ Մուսալիմովը, կոչ արել հավաքվածներին ցրվել։ Ավելի ուշ օդանավակայանի տարածքն ազատվել է բողոքող ամբոխից։ Տուժել է 20 մարդ, այդ թվում ոստիկաններ։ Ձերբակալվել է 60 մարդ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները «մեծապես դրսից միջամտության արդյունք են»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը և ԱԳ նախարարությունը կոչ են արել ՌԴ իրավապահներին ապահովել Իսրայելի քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, «որտեղ էլ նրանք լինեն» Նշվել է, որ Իսրայելի իշխանություններն ակնկալում են, որ ՌԴ–ն «վճռական կգործի հրեաների և Իսրայելի քաղաքացիների ջարդարարների և վայրի սադրանքների դեմ»։
Անկարգություններից հետո օդանավակայանը փակվել է մեկ շաբաթով։
Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվել են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ Իսրայելը նաև ցամաքային գործողություն է սկսել և շրջափակել է Գազան՝ դադարեցնելով ջրամատակարարումը, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումները։
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։