Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի ՀՀ հոկտեմբերի 11-ի այցից հետո Եվրոպայի խորհուրդը նախապատրաստում է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։
ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, փաթեթով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ 100,000 ղարաբաղահայի, այդ թվում՝ մոտ 30,000 երեխայի հյուրընկալելու խնդիրները լուծելու համար, հայտնում է «Ազատությունը»։
Նշվում է, որ այցի շրջանակում Քայաջիկը գործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ, այցելել է նաև Արտաշատի քաղաքապետարանի երկու ապաստարաններ, մատնանշել աջակցության այն ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության 2021-2025 թթ. գործողությունների ծրագրում:
«Այս նպատակաուղղված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին», – ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։