AM
1 November 2023 - 09:11 AMT

Շահրամանյանն ԵԽ պատգամավորները քննարկել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական Reconquête կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Panorama.am-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։

Մարեշալը շեշտել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։