Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ համաձայնեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման երեք հիմնական կետը, կարծիք է հայտնել, որ վաղ է եզրակացություններ անել Եվրասիայի ամենաերկարատև հակամարտություններից մեկի ավարտի մասին։
Ըստ Մարկեդոնովի, չի բացառվում, որ շուտով ինչ–որ փաստաթուղթ հայտնվի, որը կկոչվի խաղաղության պայմանագիր, սակայն բաց է մնում հարցը՝ արդյո՞ք այն իրական խաղաղություն կբերի տուրբուլենտ այդ տարածաշրջան։ Այդ մասին նա գրել է Bunin & Co Տելեգրամ ալիքում։
«Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, եթե կողմերը հավատարիմ մնան համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումն իրական կդառնա։ Կարո՞ղ ենք խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ նոր մոտեցումների ի հայտ գալու մասին»,–գրել է Մարկեդոնովը՝ բացասական պատասխանելով այդ հարցին։
Նա նշել է, որՓաշինյանի հնչեցրած կետերն այս կամ այն ձևով բարձրաձայնվել են նաև ավելի վաղ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի ելույթներում։
«Առաջին հայացքից ամեն ինչ անթերի է թվում, իսկ երկար սպասված խաղաղությունը՝ մոտ հեռանկար: Բայց մի՞թե Ալմաթաիի հռչակագիրը մեկ տարի առաջ չի նշվել որպես սահմանազատման հիմք: Իսկ երկու երկրների տարածքների կոնկրետ թվեր մի՞թե չեն հնչել Փաշինյանի ելույթում, որով նա Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Հռետորական հարցեր։ Սակայն այդ բոլոր ճանաչումները չկանխեցին ղարաբաղյան երրորդ պատերազմը և դրա արդյունքում՝ հակամարտության կարգավորման ուժային սցենարի հաղթանակը»,–գրել է վերլուծաբանը։
Խոսելով Գրանադայի հայտարարության մասին՝ Մարկեդոնովը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպմանը չի մասնակցել և հայտարարությունը չի ստորագրել։
«Ուստի հարց է առաջանում՝ իսկ կա արդյո՞ք լիակատար ըմբռնում երրորդ կետի՝ տրանսպորտային հաղորդակցությունների մասով։ «Միջանցքային թեման» արդեն անցյալո՞ւմ է։ Թե դեռ կհիշեցնի իր մասին։ Մինչդետ, սահմանազտումը մի շարք նրբություններ ունի՝ անկլավների հարցը պրակտիկ լուծում է պահանջում, ոչ թե շրջանակային համաձայնեցում»,–գրել է նա։
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։