Նոյեմբերի 1–ին Բաքվի դատարանում շարունակվել է Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվում կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Ցուցմունքներ են տվել «վկաները»։
Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ դատարանը հեռագրեր է ստացել տուժածներ Մեշալի Ալի Մեհրալիլևից և Սադագաթ Իսմայիլովայից, որոնք հայտնել են, որ չեն կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով, սակայն հաստատում են քննության ժամանակ տված ցուցմունքները, գրում է APA-ն։
Իսկ որպես տուժող անցնող Սալման Ռագիմովը պահանջել է «ցմահ ազատազրկման դատապարտել» Խաչատրյանին։
Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6–ին։
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ 68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։