AM
2 November 2023 - 11:50 AMT

Զախարովա․ Որպես ցուցադրական հակառուսական քայլ ենք դիտարկում ՀՀ մասնակցությունը Մալթայի համաժողովին

Մոսկվան որպես ցուցադրական հակառուսական քայլ է դիտարկում ՀՀ մասնակցությունը Մալթայի համաժողովին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե դուք Մալթայի հանդիպման մասին եք խոսում, այսպես կոչված Կոպենհագենի ձևաչափով, ապա մենք դա դիտարկում ենք որպես ցուցադրական հակառուսական քայլ պաշտոնական Երևանի կողմից»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Խոսքը Մալթայում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման մասին է, որը տռեղի է ունեցել «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակում:

«Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն դիմակայում են Ռուսաստանին։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,– հայտարարել է Զախարովան։

ՀՀ–ն Մալթայում առաջին անգամ մասնակցել է Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։ Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կիևի նախաձեռնությամբ։ համաժողովում քննարկվելու է նախագահ Զելենսկու առաջարկած «Խաղաղության բանաձևը»՝ տասը կետ, որոնք Կիևը առաջադրել է որպես պատերազմի ավարտի ու խաղաղության նախապայման։

Սեպտեմբերին, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Այն Կիև էր տարել Հայաստանի վարչապետի տիկինը՝ առաջին անգամ մասնակցելով Ուկրաինայի առաջին տիկնոջ կողմից անցկացվող ամենամյա գագաթնաժողովին։ Ավելի ուշ՝ վարչապետ Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։