AM
3 November 2023 - 11:41 AMT

Ալիևն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական կարգավորումն ու Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունները

Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին ընդառաջ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ի թիվս այլ հարցերը, կողմերը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը, հայտնում է Ermenihaber-ը։

Հանդիպմանը քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանին և գլոբալ խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական բախումները։

Էրդողանը նշել է, որ կշարունակվեն Թուրքիայի մարդասիրական օգնության ջանքերը և հավելել, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ազդակներ տա, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում մշտական խաղաղությունը հնարավոր կլինի միայն Պաղեստինի՝ աշխարհագրորեն ամբողջական և անկախ պետության ստեղծմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին, հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունները կիրականացվեն։

Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Թուրքիայում 2023–ի փետրվարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ–ն փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։