The Wall Street Journal-ը հոդված է հրապարակել հետխորհրդային երկրներում Մոսկվայի ազդեցության նվազման մասին, որը պայմանավորված է ՌԴ ռազմական հեղինակության և տնտեսության խարխլմամբ՝ Ուկրաինայում արդեն 20 ամիս շարունակվող ծանր պատերազմի պատճառով։ Նշվում է, որ այժմ ՌԴ հարևաններն ու դաշնակիցները փորձում են դիֆերսիֆիկացնել իրենց հարաբերությունները՝ «խորացնելով կապերը Չինաստանի և Արևմուտքի հետ»։
Նշվում է, որ դինամիկան տարբեր հատվածներում անհավասար է։
Ըստ հեղինակի, նահանջը Ռուսաստանից առավել նկատելի է Մոլդովայում, որը դադարեցրել է իր կախվածությունը ռուսական էներգակիրներից, և Հայաստանում, որը հիասթափված է այն հանգամանքով, որ ՌԴ-ն չցանկացավ (կամ չկարողացավ) պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին։
«Բելառուսը, որն օգտագործվել է որպես մեկնարկային հարթակ Ուկրաինա ներխուժելու համար, գործնականում վերածվել է ՌԴ վասսալային պետության, քանի որ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեշտությամբ հրաժարվեց իր նախորդ առաջարկներից Արևմուտքին։
Վրաստանի կառավարությունը, որը 2008–ին պատերազմել է Ռուսաստանի հետ, բարեկամաբար է տրամադրված Մոսկվայի հանդեպ։ Այդ երկիրը հրաժարվել է միանալ արևմտյան պատժամիջոցներին, չնայած, որ ժողովրդի համակրանքն Ուկրաինայի կողմն է և Թբիլիսիի կենտրոնական փողոցները զարդարված են ուկրաինական դրոշներով»,–ասվում է հոդվծաով։
Նշվում է նաև, որ Կենտրոնական Ասիայում հեռացումն ավելի դանդաղ ու նուրբ է իրականացվում, քանի որ Տաջիկստանն ու Ղրղզստանը վախենում են, որ Ռուսաստանը կարող է իրենց համար լուրջ խնդիրներ ստեղծել։
Ղազախստանում, ըստ Gallup-ի սոցհարցումների, ՌԴ քաղաքականությանը բացասաբար է վերաբերվում հարցվածների 50 տոկոսը, մինչդեռ 2021–ին այդ ցուցանիշը 20 տոկոսի սահմանում էր։