AM
4 November 2023 - 12:53 AMT

Պատրուշև. Փաշինյանը ԼՂ տարածքի մասին հայտարարությունը, հավանաբար, Արևմուտքի ազդեցության տակ է արել

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991 թվականի սահմաններում Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին հայտարարությունը, հավանաբար, Արևմուտքի ազդեցության տակ է արել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նա հայտարարեց, որ Երևանը ճանաչելու է (Լեռնային Ղարաբաղի – խմբ) տարածքները 1991 թվականի քարտեզի հիման վրա։ Նա ուղիղ նշել է Հայաստանին պատկանող տարածքները, Ադրբեջանին պատկանող տարածքները։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ էր բանակցում»,- ասել է Պատրուշևը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։