ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այդ մասին Պատրուշևն ասել է «Ռուսաստան» համաժողով–ցուցահանդեսի շրջանակում։
«Կան բոլոր նախադրյալները»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պատրուշևը նաև ասել է, որ Մոսկվան կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ նրանց միջև հարաբերությունների կարգավորման հարցով, խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ընթացքի մեջ է, գրում է ՏԱՍՍ–ը։
«Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ձեռնարկվել են հետևողական ջանքեր հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նախապատրաստվում է այդ երկրների միջև խաղաղության պայմանագիրը»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։