AM
6 November 2023 - 15:38 AMT

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզի» շուրջ վեճ է առաջացել․ Կողմերը համաձայնության են եկել

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ էր ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը։

Գոգչյանը նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ է բերել կալվածք՝ պահանջելով ազատել հայկական ներկայությունը։ Ի պատասխան այդ պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ առթիվ:

«Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղարկելու իր նամակի պատասխանը»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։