AM
7 November 2023 - 15:01 AMT

Իդալգո․ Փարիզը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Արցախում տեղի ունեցած իրադարձությունները քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Նա գրել է, որ «Հայաստանում ողբերգությունը շարունակվում է՝ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայական կալանավորման և այդ տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ»։

Նա նշել է, որ Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։

«Հնարավորություն ունեցա քննարկելու դա Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի մասին զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Ադրբեջանի կողմից պահվող 100,000 փախստականների ու քաղբանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին, երբ նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, ես Արցախի հայերի ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն։

Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։