AM
7 November 2023 - 15:02 AMT

Խաղաղապահները զինտեխնիկան Ղարաբաղից «նորոգման են ուղարկել» Ռուսաստան

Ռուս խաղաղապահներն ավարտել են Լեռնային Ղարաբաղից սպառազինության առաքումը Ռուսաստանի Դաշնություն «վերանորոգման համար», հայտնում է «Ազատությունը»։

«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստան պլանային նորոգման համար», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ,

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։