ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը, անդրադառնալով ԼՂ-ի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի դատարանի որոշմանը, նշել է, որ դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին: Այդ մասին նա գրել է X–ի միկրոբլոգում։
«Չնայած բոլոր կեղծ մեղադրանքների բացահայտ մերժմանը՝ ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:
Խոսնակը նաև մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «ես անմեղ մարդ եմ»։
Խաչատրյանի շինծու դատավարությանն անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Ադրբեջանական զորքերի կողմից Լաչինի միջանցքում առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման առանց մարդու իրավունքների միջազգային իրավական նորմերի ու երաշխիքների պահպանման։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,–գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը շինծու գործով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նա 5 տարի կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։