ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։ Այդ մասին նա ասել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ Մոսկվայում մեկնարկած հանդիպմանը։
«Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը Հարավային Կովկասում կայունանա, պայմաններ ստեղծվեն զարգացման, փոխադարձ վստահության և համագործակցության համար»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Պատրուշևը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել հայ–ադրբեջանական հակամարտության համալիր լուծման համար՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում։ Արևմուտքի երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում հակասությունների պահպանմանը»,- ասել է նա։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի մասնակցում Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկած ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ Պատրուշևը, բացելով Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների անվտանգության քարտուղարների ամենամյա հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանը։
Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Գրիգորյանի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։