AM
9 November 2023 - 09:17 AMT

Ամերիկյան բանկը մոտ $26 մլն կվճարի ԱՄՆ հայերի նկատմամբ խտրականության համար

Ամերիկյան Citigroup Inc․ բանկը 25․9 մլն դոլար կվճարի տուգանքների և փոխհատուցման տեսքով՝ կապված վարկային քարտերի տրամադրման ժամանակ ամերիկահայերի հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։ Այդ մասին ասվում է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոյի (CFPB) հաղորդագրության մեջ:

2015-2021 թթ.-ին Citi-ն մերժել էր վարկային քարտեր տրամադրել այն դիմորդներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացնում էին որպես ամերիկահայերի՝ նրանց ազգանունների հիման վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«CFPB-ն պարզել է, որ Citi-ն միտումնավոր խտրականություն է դրսևորել հայկական ծագում ունեցող հայտատուների նկատմամբ՝ հիմնվելով հիմնականում նրանց ազգանունների արտասանության վրա։ Բանկը կարծրատիպային կերպով հայերին ներկայացնում էր որպես հանցագործությունների և խարդախությունների հակված մարդիկ։ Իրականում Citi-ն փաստաթղթեր է կեղծել, որպեսզի թաքցնի խտրականությունը»,-հայտարարել է գերատեսչության տնօրեն Ռոհիտ Չոպրան։

CFPB-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ City-ի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են չքննարկել այդ թեման գրավոր կամ ձայնագրվող հեռախոսային խոսակցություններում:

CFPB-ի կարգադրության համաձայն՝ բանկը ստիպված կլինի 1.4 մլն դոլար ուղղել խտրականությունից տուժած քաղաքացիների կրած վնասի փոխհատուցմանը, ինչպես նաև 24.5 մլն դոլար տուգանք վճարել: Խոսքը Citi-ի Գլենդել քաղաքի (Կալիֆոռնիա) շրջանում գտնվող ստորաբաժանումների մասին է, որտեղ բնակվում է ամերիկահայերի մոտ 15 տոկոսը։