ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին 40 տոննա հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան` ԼՂ հայերի համար։
«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ ՌԴ կառավարության գծով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, 40 տոննա հումանիտար օգնություն ենք պատրաստել։ Բեռը մոտակա օրերին կհասցվի Երևան»,–ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ հումանիտար բեռի մեջ է մտնում շարժական էլեկտրակայանը, որը կարող է էներգիայով ապահովել տասնյակ տներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։