Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից 2020 թ. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Էուլջեքյանը, գրում է «Արևելքը»։
«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,– ասել է նա։
Լինտան նաև նշել է, որ վերջին շրջանում հազվադեպ են կարողանում կապվել Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և «հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից»։
Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք քայլեր կձեռնարկեն Վիգենի կյանքը փրկելու համար։
Լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանn իրերի հետևից Բերձոր էին մեկնել 2020 թ.նոյեմբերի 11-ին և գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին, իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվում դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ ներկայացնելով որպես «գումարի դիմաց կռվող վարձկան»։