Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին երկրի Առաջին ալիքի «Ազատ հայացք» ծրագրում, մեկնաբանելով Վրաստանի տարածքով ֆրանսիական զենքի տարհանումը Հայաստան, ասել է, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի։
Հարցին, թե չեն խանգարի արդյոք Վրաստանի տարածքով ֆրանսիական զրահատեխնիկայի առաքումները Հայաստան Թբիլիսիի միջնորդի դերին ՀՀ և Ադրբեջանի միջև, Դարչիաշվիլին ասել է, որ «Վրաստանը հնարավորություն է տալիս երկու երկրին հավասար պայմաններով օգտվել տարանցումից», գրում է Haqqin.az-ը։
«Ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը սովորական տեխնիկայի կամ սպառազինության մասին է, ցանկացած երկիր իրավունք ունի այն ձեռք բերելու։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ հնարավորություն տրվի երկու երկրին օգտվել տարանցիկ ֆունկցիայից, որն ունի մեր երկիրը, հավասար պայմաններով։ Սա է մեր պատասխանը և այս հարցի շուրջ շահարկումներն անտեղի կլինեն»,–ասել է Դարչիաշվիլին։
Ըստ նրա, Վրաստանի «գլխավոր նպատակն է» խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում «երկու բարեկամ և եղբայրական ժողովրդների հետ միասին»։
Նա հավելել է, որ Վրաստանը հաջողությամբ է կյանքի կոչում այս գործընթացում անաչառ խաղացողի իր դերը։
Միլիարդավոր դոլարների զենք գնող Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։
Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան Վրաստանի տարածքով։