ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, թե Ուկրաինայում ձախողվելուց հետո, Արևմուտքը «վայրի ճանկերով» կառչել է Հայաստանից։
«Արևմուտքը, որի պլաններն ուկրաինական ուղղությամբ ամբողջությամբ ձախողվեցին, նույնպիսի վայրի ճանկերով կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել Ռուսաստանից»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Ըստ Զախարովայի, Մոսկվան ՀՀ ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մինսկի ՀԱՊԿ գագաթնաժողովին, նաև արևմտյան սպառազինության մատակարարումների ընդլայնումը, Երևանի և Կիևի «ընկերությունը» դիտարկում է որպես մի շղթայի օղակներ»։
«Բայց ինձ թվում է, որ դա ստրկացման շղթա է»,–ասել է դիվանագետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։