AM
16 November 2023 - 12:59 AMT

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպումից

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20–ին Վաշինգտոնում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ մեկնաբանվում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները՝ դրանք որակվում են «միակողմանի, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

Նշվում է, որ նման միակողմանի մոտեցման պատճառով «ԱՄՆ–ն կարող է կորցնել միջնորդի իր դերը», գրում է Haqqin.az-ը։

«Նման պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20–ին նախատեսվող հանդիպման անցկացումը»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումներն ու դիտողությունները դիտարկում է որպես «հարված ադրբեջանա–ամերիկյան հարաբերություններին» և մեղադրել ամերիկյան կողմին «խաղաղությունն ու անվտանգություը տարածաշրջանում խարխլելու մեջ», գրում է Haqqin.az-ը։

Ջեյմս Օ-Բրայենը Կոնգրեսում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի գրանցել խաղաղության բանակցություններում։