AM
22 November 2023 - 07:08 AMT

Կլաար. Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ Բրյուսելում չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ալիևի վարչակազմը ժամանակ ձգում հիմա, երբ կողմերն այդքան մոտ են վերջնական համաձայնության, հայտնում է «Ազատությունը»։

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանալին այժմ Բաքվում է, և առաջին հերթին Ադրբեջանն է, որ պետք է քաղաքական կամք դրսևորի՝ «գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է»։

«Մենք արագ քայլեր ենք ակնկալում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և այստեղ է, որ որոշ մարդիկ Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում մտահոգված են, որ դա այսքան երկար է ձգվում։ Մենք չենք հասկանում՝ ինչու կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ չի գնում։ Փաստը, որ սահմանին բախումներ, կրակոցներ չկան, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Անհրաժեշտ է, որ այս՝ բախումների բացակայության վիճակից քայլ արվի առաջ, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հաղորդակցության ուղիները բացվեն, սահմանը դեմարկացվի, զորքերը ետ քաշվեն, լուծվեն մարդասիրական խնդիրները։ Ես կարծում եմ, որ Բաքվի ձեռքում են հնարավորությունները՝ ցույց տալու, որ գործընթացը կարող է արագ առաջ գնալ»,–ասել է նա։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

«Կարծում ենք՝ Երևանում հարաբերությունների կարգավորման անկեղծ ցանկություն կա։ Նման հայտարարություններ լսում ենք նաև Բաքվից, բայց եթե անկեղծ՝ մեզ անհրաժեշտ են քայլեր, ոչ միայն խոսքեր։ Գրանադայի հանդիպումից հետո, որին նախագահ Ալիևը որոշեց չմասնակցել, մենք կորցրեցինք հնարավորությունների պահը։ Դրան պետք է վերադառնալ, և որևէ պատճառ չկա՝ ինչու է գործընթացը ձգվում այսքան երկար։ Մենք զգում ենք, որ բանալին Ադրբեջանում է», – նշել է եվրոպացի դիվանագետը:

Ընդ որում, Կլաարն ընդգծել է, որ սեղանին է ոչ միայն հայ – ադրբեջանական հաշտեցումը, այլև տարածաշրջանի մյուս երկրների միջև փոխադարձ շփումների հարցը, ակնարկելով, որ հայ – ադրբեջանական կարգավորումը նաև Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը կնպաստի։ Սա կարող է փոխել ողջ Հարավային Կովկասը, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները այս տարածաշրջանի հետ, ասաց եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ այդ ուղերձը Բրյուսելից բազմիցս են փոխանցել Ադրբեջանի իշխանություններին։

«Եվրոպական մայրաքաղաքներում մենք պատճառ չենք տեսնում՝ ինչու է այս գործընթացն այսքան ձգձգվում։ Պահը կա, հնարավորությունը կա, ժամանակն է դրանից օգտվել։ Մենք քաղաքական կամք ենք ուզում տեսնել, նախ և առաջ՝ Ադրբեջանից, քանի որ այն ուժեղ կողմն է», – հայտարարել է Տոյվո Կլաարը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։