AM
22 November 2023 - 09:57 AMT

Մուրադ Փափազյանը պահանջում է թույլ տալ իրեն ներկայանալ դատական նիստերին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին՝ պահանջելով վերականգնել Հայաստան վերադառնալու իր իրավունքը և թույլ տալ ներկայանալ դատական նիստերին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային անվտանգության ծառայությունն արգելեց իմ մուտքը և արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։ Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել … Դատավորը 14 օր ժամանակ էր տվել ԱԱԾ–ին՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը, սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել: Անվտանգության Ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։

Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները եւ ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձևականության, ես չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի այս անհիմն որոշումը: Ես կպայքարիմ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի»,–ասվում է գրառման մեջ։

2022-ի հուլիսին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է դա արվել՝ նշելով, որ 2021-ի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: