Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում պահվող հայերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։
Նա հավելել է, որ պարբերաբար այցելում են նաև Հայաստանում եղած ադրբեջանցիներին, հայտնում է APA-ն։
Նշվել է, որ ԿԽՄԿ-ն այցերի ժամանակ հետաքրքրվում է այդ մարդկանց պահման պայմաններով, ստուգում է իրենց ընտանիքների հետ շփման պայմանները կամ պայմաններ ստեղծում դրա համար։
«Երբ մենք, որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևաչափով համապատասխան կառույցների հետ։ ԿԽՄԿ–ն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ ադրբեջանական և հայկական։ Վերջին այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։