AM
22 November 2023 - 11:42 AMT

Զատուլին․ ՀԱՊԿ–ը պետք է արձագանքեր, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ ՀՀ-ում

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը պետք է արձագանքեր 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ ՀՀ տարածքում։ Այդ մասին նա ասել է «Խոսում է Մոսկվան » ռադիոկայանի եթերում։

«Դա իրոք տեղի է ունեցել։ Պետք էր անհապաղ արձագանքել, առնվազն, հրապարակավ հայտարարել և այլն։ Արձագանքն ուշացավ։ Ու դրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ խելացի մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Դա միակ բանն է, որ նա կարողանում է անել և անում է։ Եվ պետք է ասել, որ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վստահությունը նվազում է, որովհետև առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ դրա դեմ պետք է պայքարել»,- ասել է նա։

Զատուլինը նաև ասել է, որ Փաշինյանը հիմքեր ունի ասելու, որ Ռուսաստանը չի մատակարարում Հայաստանին զենքը, որի դիմաց արդեն վճարված է։

«Պետք է ասել, որ իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նա օգտվում է այն հիմքից, որը մենք ենք ստեղծում․․․Այո, նրանք զենք են գնել մեզանից։ Մենք ուշացնում ենք մատակարարումն Ուկրաինայում գործողությունների պատճառով։ Նրանք դրանից օգտվեցին այլոց դիմելու համար»,–ասել է Զատուլինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։