ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքը, ինչը դուռը բաց է թողնում Երևանի համար։
«Որքան հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Ըստ էության, դա դուռը բաց է պահում Երևանի համար և թույլ է տալիս նրան հետագայում միանալ աշխատանքին»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովան հավելել է, որ ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու ՀՀ որոշումը ափսոսանք է առաջացնում, Մոսկվան համարում, որ դա չի բխում Հայաստանի շահերից։
«Մինսկում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու ՀՀ ղեկավարության որոշումն ափսոսանք է առաջացնում»,–ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։