ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի ստորագրված փաստաթղթերը։ Այդ մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մենք պայմանավորվել ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, և բոլոր որոշումները, որոնք վերջնական լրամշակման են ենթարկվել հանձնաժողովի շրջանակում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին` հույս ունենալով, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Պատասխանելով գագաթնաժողովում ՀՀ ներկայացուցիչների բացակայության մասին հարցին՝ Ալեյնիկը հորդորել է «հանգիստ» վերաբերվել դրան։
Ըստ նրա, ՀԱՊԿ խնդիրը «Բոլոր անդամ երկրների համերաշխությունը պահպանելն է»։
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։