Օգոստոսին գերեվարված Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտել են 18 տարվա ազատազրկման։ Դատախազը հայտարարել է, որ Ոսկանյանի մեղքn «ամբողջությամբ հաստատվել է»։
Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել այդ երկրի ՔՕ մի քանի հոդվածով` Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի մեջ»։
Ըստ դատավճռի, Ոսկանյանը 5 տարի կանցկացնի փակ տիպի կալանավայրում, իսկ պատժաչափի մյուս մասը՝ խիստ ռեժիմի հաստատությունում, գրում է Interfax.az-ը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: