AM
12 December 2023 - 07:40 AMT

Բորել․ Միրզոյանի հետ զրույցում վերահաստատել ենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը խաղաղության գործընթացին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում քննարկում է ունեցել ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ Միրզոյանի հետ զրույցում ԱԳ նախարարները վերահաստատել են ԵՄ-ի լիակատար աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Կարծիքների լավ փոխանակում ունեցանք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Միրզոյանն ու ԵՄ ԱԳՆ ղեկավարները տեսակետներ են փոխանակել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդլայնման կոնկրետ ուղիների ու ՀՀ-ում ժողովրդավարության հետագա ամրապնդման շուրջ։

Մենք նաև վերահաստատել ենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը խաղաղության գործընթացին և հանձնառությունը՝ ավելի հեշտացնելու կարգավորման գործընթացը»,-գրել է Բորելը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: