Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում ասել է, թե այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն:
Նա նշել է, որ «Հայաստանը նույնպես պետք է գործի այդ գիտակցությամբ», գրում է Trend-ը։
Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը «հարևանների հետ համագործակցելու պատրաստակամություն կցուցաբերի»:
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: