AM
14 December 2023 - 07:00 AMT

ԱՄՆ Պետդեպը «գերիների փոխանակումից հետո» հավատում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը կողմերի միջև «գերիների փոխանակումից հետո»։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերեվարված քաղաքացիների վերադարձը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 13–ին, ինչպես նաև այն հաղորդագրությունները, որ քննարկվում են վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված այլ միջոցներ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են դրան հասնել»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ Բաքվի և Երևանի հետ։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: