Հայ ռազմագերիների հետ փոխանակման արդյունքում ադրբեջանական կողմին հանձնված Հուսեյն Ախունդովին, որը ՀՀ–ում դատապարտվել էր ցմահ ազատազրկման ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար, Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հայտնի լրագրող Լինդսի Սնելը։
«Հուսեյն Ախունդովին, որը հատել էր Հայաստանի սահմանը, խաղաղ հայի սպանել և իր զոհի հեռախոսով տեսանյութ հրապարակել «հայերի արյուն թափելու մասին», Ադրբեջանում հերոսի պես են ընդունել»,–գրել է նա։
Սնելը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։
Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը ՀՀ-ում մեղադրվել էր քրեական օրենսգրքի 7 հոդվածով՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։ Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։