AM
15 December 2023 - 09:18 AMT

Պետդեպը ողջունել է «Թուրքիայի արդյունավետ դերը» հայ–ադրբեջանական կարգավորման գործում

ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ողջունում է «Թուրքիայի արդյունավետ դերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Այս թեման քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր խոսակցություններում, այդ խոսակցությունների մաս է եղել: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը այդ հակամարտության հանգուցալուծման գործում։ Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է և սատարում ենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում խաղաղ բանակցությունների կոչ է արել Ադրբեջանի և ՀՀ միջև՝ նշելով, որ երկու երկրի միջև խաղաղության հաստատումը դրական կազդի հայ–թուրքական հարաբերությունների վրա։

Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն են անցկացրել։