Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 15–ին հայտնել է պատժամիջոցների մասին, որոնց ցանկում ընդգրկված է 135 անձ և կազմակերպություն Ռուսաստանից և 5 այլ երկրից, այդ թվում՝ ՀՀ-ից։
Արտահանման սահմանափակումները վերաբերում են ընդհանուր առմամբ 57 ընկերության Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Սիրիայից և ԱՄԷ-ից, գրում է Factor.am-ը։
Պատժամիջոցների ցանկում ներառված է հայաստանյան մեկ ընկերություն․ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած ցուցակում նշված է «Տակո» ՍՊԸ-ն, որի գրանցման հասցեն նշված է ՀՀ, քաղաք Երեւան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 17։
2022-ին էլ ԱՄՆ-ն էր այս նույն հայկական ընկերության դեմ պատժամիջոց կիրառել։
Ճապոնիայի պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան, օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան, Մոսկվայի մարզի երեխաների օմբուդսմեն Քսենյա Միշոնովան և 32 այլ ռուս քաղաքացիական և ռազմական գործիչներ, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 43 գիտահետազոտական և արտադրական ընկերություններ և պետական մի շարք հասարակական կազմակերպություններ։