AM
16 December 2023 - 08:36 AMT

Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր։ Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության է մատնել ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին, կոսովացի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին, ոչ-ոքի խաղացել սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։