AM
16 December 2023 - 11:59 AMT

Բայրամովն ու ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են հայ–ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և այդ երկրում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբին քննարկել են Ադրբեջանի և ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Լիբբին իր հավատարմագրերն է հանձնել նախարարին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է Interfax.az-ը։

Ըստ գերատեսչության տեղեկատվության, կարևորվել են Ադրբեջանի և ԱՄՆ միջև «պատմական հարաբերությունների» մի շարք ուղղություններ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: