Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ–ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՌԴ–ն նպատակաուղղված աշխատում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Այդ մասին նա ասել է օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում՝ ամփոփելով ՌԴ ՊՆ գործունեությունը 2023–ին։
«ՌԴ–ն քաղաքական ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք է տանում Անդկովկասում տրանսպորտային հաղորդակցություններ ապաշրջափակման, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և երկու երկրների առավել սուր հակասությունների հարթեցման ուղղությամբ»,–ասել է նա։
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: