Ադրբեջանի վերաքննիչ դատարանում սկսվել է Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը, որը նա ներկայացրել է դատարանի որոշման դեմ։
Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ դեկտեմբերի 25–ին կայացած նիստում ուսումնասիրվել են Խաչատրյանի վերաբերյալ տվյալներն ու վերաքննիչ բողոքի հիմնավորումները, հայտնում է APA գործակալությունը։
Գործով դատական նիստը տեղի կունենա 2024–ի հունվարի 7–ին։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։