AM
28 December 2023 - 09:04 AMT

Ամիրբեկով․ Ադրբեջանն ու ՀՀ–ն հեռու չեն խաղաղության պայմանագրի համաձայնեցումից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը։ Այդ մասին նա ասել է The Guardian-ին տված հարցազրույցում։

Ամիրբեկովն ասել է, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն սպասում է Երևանի արձագանքին, հայտնում է «Ազատությունը»։

«Հայաստանը պետք է լիովին գիտակցի իր համար Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր օգուտները և վերջնականապես հրաժարվի վնասակար պատրանքներից ու մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղության գործընթացը խաթարելուն և մեր երկրի հետ ռազմական առճակատմանը վերադառնալուն», – ասել է Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովը նաև ասել է, որ սահմանների հարցը կարող է լուծվել ավելի ուշ՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը։

The Guardian-ի հետ զրույցում Ամիրբեկովն անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապի ապահովմանը։ Նա ասել է, թե Բաքուն, երեք տարի Հայաստանից հստակ պատասխանի ապարդյուն սպասելուց հետո, այլևս ժամանակ կորցնելու մտադրություն չունի։

«Եթե Հայաստանը չի կարողանում հասկանալ Զանգեզուրի միջանցքի ստեղծման իր օգուտը, եթե դեռ շարունակում է Ադրբեջանի կողմից իր դեմ մոտալուտ ագրեսիայի անհեթեթ նարատիվներ տարածել և մտադիր է ապագայում էլ տարածաշրջանային փակուղում մնալ, ապա Ադրբեջանը անցնում է կոնկրետ գործողությունների և սկսում, այսպես կոչված, «պլան Բ»-ի իրականացումը՝ նախապատվությունը տալով հարևան Իրանի տարածքով վերոնշյալ տրանսպորտային կապերի ստեղծմանը», – ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրվեն և պատշաճ կերպով արձագանք կստանան՝ հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները։

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Միրզոյանն ասել է, որ որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ, կարիք կա նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման։