AM
28 December 2023 - 10:39 AMT

Շաֆիև․ Սահմանների հարցը չի ներառվի խաղաղության պայմանագրում` ժամանակատար է

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը, ասել է, որ կողմերը շատ մոտ են դրան։

Նա հավելել է, որ սահմանների հարցը չի ներառվելու փաստաթղթում, քանի որ դա շատ ժամանակատար գործընթաց է, գրում է Haqqin.az-ը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ ժամանակ է խլում, ուստի այդ հարցը չի ներառվի փաստաթղթում։ Ռուսաստանի հետ այդ գործընթացը տևել է 25 տարի, իսկ Վրաստանի հետ սահմանի մի մասը դեռ որոշված չէ»,–ասել է նա։

Միևնույն ժամանակ Շաֆիևը նշել է, թե դժվար է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ինչ–որ հստակ ամսաթվի մասին։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, անհրաժեշտ է «կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը»։ Ամիրբեկովն ասել է, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։