Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։
«Այնտեղ նույնպես աշխատանքներ են իրականացվում՝ նախագծի շրջանակում պլանավորման և թենդերների հետ կապված։ Իրանը ևս հետաքրքրված է Զանգեզուրի միջանցքով։ Մենք շարունակում ենք բանակցություններն իրանական կողմի հետ, ասում ենք, որ պատրաստ ենք միանալ նախագծին»,–ասել է թուրք նախարարը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Երթուղու ադրբեջանական մասն արդեն գրեթե պատրաստ է։ 224 կմ կազմող թուրքական հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին»,–ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պլան Բ ունի՝ առանց Հայաստանի մասնակցության, եթե «Երևանը շարունակի ապակառուցողական վարքագիծը»։ Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղու շուրջ։
Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։